Բառեր

Ես փորձում եմ մտքերս հավաքել ու հասկանալ՝ ինչ բառեր են իմ գլխում։ Ամեն երեկո նստում եմ բառերիս առաջ, խառնում դրանք, նորից դասավորում ու փորձում մտքեր ստանալ, կառչել դրանցից, որ զգամ՝ ապրում եմ։

Բայց բառերը կարծես լողում են օդում։ Փորձում եմ բռնել դրանք, բայց փախչում են, գնում հեռու՜-հեռու՜, ձուլվում լռությանը։ Եվ փակում եմ աչքերս, հանգիստ նստում, կենտրոնանում, բայց չկան բառերը, կորել են, մտքերն առանց բառերի դատարկ են, ու ես չգիտեմ՝ ապրու՞մ եմ արդյոք։ Եվ երգելով կրկնում եմ ուրիշների բառերը։ Կարդալով կրկնում եմ ուրիշների բառերը։ Արտագրում եմ, արտատպում, որ նրանք այնտեղ լինեն, մտքեր դառնան, մինչև իմ բառերը վերադառնան, դասավորվեն ու իմաստ ստանան։

Անկապ

Երբ քեզ վատ լուր են հայտնում, պիտի քեզ չկորցնես ու քեզ պինդ պահես՝ փորձելով հանգստացնել վատ լուր հայտնողին, հետո նաև տեղեկացնես մյուսներին։ Երբ մեկն օգնության կարիք ունի, առաջինը դու ես ձեռք մեկնում, երբեմն նույնիսկ մեջտեղից ճղվում, որ փորձես շտկել անշտկելին։ Երբ աուտիզմով ուսանողից բոլորը փորձում են գլուխներն ազատել, դու նրա վերջին հույսն ես մնում, որ կօգնի համալսարանն ավարտել։ Երբ առողջական խնդիրներով ուսանողը տարկետումից վերադառնում է, որ դիպլոմային գրի, դու դառնում ես այն մարդը, որ պիտի օգնի նրան։

Իսկ երբ քո հերթն է գալիս, վախենում ես, քաշվում, չես կարողանում որևէ մեկից օգնություն խնդրել։ Ուղղակի հոգնել ես ուժեղի քո դերից, որովհետև երբեմն դու էլ ես ուզում կանգնել, ասել՝ էլ չեմ կարողանում։ Ու չես կարողանում կենտրոնանալ քեզ համար կարևոր գործերի վրա։ Չես կարողանում կենտրոնանալ ինքդ քեզ վրա, քո կարիքների վրա, որովհետև պարզապես այդ դերն ես ընտրել։ Ու չես կարողանում ազատվել այդ դերից, որովհետև քեզ մոտ պարզապես լավ է ստացվում, պարզապես հիանալի ես խաղում։

Ինչու՞ է բոլորին գոհացնելն էդքան կարևոր։ Ինչու՞ չես կարող պարզապես մեյլերն անպատասխան թողնել կամ գրել․ «Կներես, չեմ կարող»։ Ինչու՞ պիտի մեջտեղից ճղվես, որ ամեն ինչ հասցնես, իսկ վերջում նստես, էսպիսի գրառումներ անես, որովհետև ուղեղդ հոգնած է կինո նայելու համար, ուղեղդ հոգնած է գիրք կարդալու համար, ուղեղդ հոգնած է գրելու համար։

Ո՞վ ես դու

Մի ամբողջ հորինված կենսագրություն, հինգ տարվա կյանք, որ իրականում գոյություն չունի, ստեր, հեքիաթներ, որոնք բոլորը միանգամից ջրի երես են դուրս գալիս։ Ու երբ պարզվում է՝ մեկը սուտ է, սկսում ես հարցականի տակ դնել մնացածը․ արդյոք դա քո իսկակա՞ն անունն է, իսկապե՞ս դու այդ տանն էիր ապրում, իրականում գնու՞մ էիր այդ բոլոր երաժշտական փառատոններին, թե էդ բոլորը հորինվածք էր։ Հորինվածք, ինչպես քո՝ Կոպենհագենի համալսարանում աշխատելը, այս հինգ տարիներին եկած-գնացած սիրածներդ, Էփըլի ու Նորվեգիայի աշխատանքդ։

Որտե՞ղ ես հիմա։ Ի՞նչ ես զգում։ Մեկը մեկի հետևից տեղադրում ես ինտերնետից թռցրած նկարները, ասես ոչինչ չի եղել, ասես իրոք ծովափին հանգստանում ես՝ տնից աշխատելով։ Իսկ Կոպենհագենում մնացած ընկերներդ քննարկում են իրար հետ, վերհիշում, վերլուծում, նորից ու նորից վերադառնում նույն դեպքերին ու փորձում լցնել տեղեկատվության բացերը, այն բացերը, որոնք դու քո հետևից թողել ես։

Դու գծել էիր քո երազած կյանքի պատկերը, որին մենք բոլորս հավատում էինք։ Դու ապրում էիր քո երազած կյանքով ու իրականությունը բոլորիցս, նույնիսկ ինքդ քեզնից թաքուն պահում։ Դու հավատում էիր քո հեքիաթներին, մինչև մի օր հավաքարարի արտահագուստդ հայտնաբերվեց։ Դու վախենում էիր, որ մեր շրջանակներ չես կարող մտնել հավաքարարի շորերով ու որ քեզ առնվազն թեկնածուի աստիճան էր պետք մեզ հետ լինելու համար։

Իմ ուղեղում չի տեղավորվում, թե ոնց ես հինգ տարի շարունակ էդպես ստերի մեջ ապրել։ Ու փորձում եմ հասկանալ, թե ով ես դու, ոչ թե քո այն տարբերակը, որ ներկայացել է մեզ, այլ հենց դու, ո՞վ ես դու։

 

Writer’s block

Օրհուսի մեր գրական խմբով որոշել ենք նոյեմբերին մասնակցել վեպ գրելու ամսվան։ Հոկտեմբերին հավաքվել էինք, որ քննարկենք, թե ինչ ու ոնց ենք անելու։ Երևանում էլ շատերին խոստացա, որ պիտի վեպ գրեմ։ Դեռ անցյալ տարվանից վեպի գաղափարը կար, մնում էր նստել ու ընդլայնել։

Վաղվանից միանում եմ նաև մեկ այլ գրական խմբի։ Պիտի կարճ տեքստ պատրաստեի վաղվա համար։ Ու պիտի սկսեի գրել։ Երեկվանից փորձում եմ գրել։ Ամիսներ առաջվանից փորձում եմ գրել։ Գլխիս մեջ մտքերը շատ են, հույզերը շատ են, իսկ կարդացածս գրքերը ահագին ուժեղ ազդեցություն են թողնում ու ոգեշնչում։ Բայց ոչինչ գրել չի լինում։ Մի քանի նախադասությունից հետո ամեն ինչ կանգ է առնում։ Անգամ գրելու լեզուն ընտրել չի լինում։ Էլ առաջվա պես հեշտությամբ մեկից մյուսը թռիչքաձև անցումներ չեմ կատարում։

Ինչ֊որ ներքին գրաքննող է հայտնվել, որ կարծես պինդ բռնում է ինձ ու չի թողնում, որ գլխումս պտտվող պատմությունները, բառերն ու զգացողությունները թղթին հանձնեմ։ Ինչ֊որ աներևույթ հայացքներ կարծես ինձ անհանգստացնեն։ Կարծես ես չէի, որ այդքան թեթև ձեռքով ընդամենը երկու շաբաթ առաջ գիրքս ցրում էի գրախանութներով ու վաճառում շնորհանդեսին։

Չգիտեմ ինչն է խանգարում, չգիտեմ ինչն է բառերիս, զգացմունքներիս ու մտքերիս դեմն առնում, որ կյանք չեն ստանում։ Չգիտեմ ինչու ոչինչ չի ստացվում։ Իսկ ես խոստացել եմ այդ վեպը գրել։ Ու գրելու եմ։

Թերապևտիկ տեքստեր

Հետաքրքիր բան են էս «թերապևտիկ» տեքստերը։ Գրում ես հոդվածի տեսքով, պատրաստում հրապարակման, բայց էդպես էլ չես հրապարակում, որովհետև տեքստն արդեն կատարում է իր ֆունկցիան։ Էդպիսով խուսափում ես նաև անհարկի ու տհաճ մեկնաբանություններից, ինչի պակաս մեր օրերում չկա։ Ես իրոք զարմանում եմ ու հիանում էն մարդկանցով, որոնք շարունակում են մտքերն արտահայտել էս համատարած ատելության ու ագրեսիայի մթնոլորտում։ Ես չեմ կարողանում։ Մի երկու ձեռառնողական արտահայտությունն ինձ հերիք է, որ լռեմ։ Բայց դե հո չե՞մ լռում։ Հոդվածներ եմ գրում, որոնք գուցե մի օր քաջություն ունենամ ու հրապարակեմ։

(Չ)գրելու մասին

Հիմնական բլոգս բացեցի, սկսեցի մի քանի տող խզբզել։ Ուզում էի Անդերսենի «Ջրահարսի» մասին գրել։ Էն էլ ահավոր ալարեցի։ Չէ, ոչ թե ալարեցի, այլ մի տեսակ ավելի կարևոր գործեր առաջ եկան։

Մյուս շաբաթ արձակուրդ եմ։ Ասում եմ՝ հազիվ արձակուրդ կլինի, որ կարողանամ աշխատել։ Հա, խնդալու ա, բայց լիքը (չվարձատրվող) գործեր ունեմ, որ առանց արձակուրդի չեմ հասցնում։ Մյուս շաբաթ հանգիստ կնստեմ, գրանտը կսևագրեմ, Մանուի թեզը կնայեմ, մարդավարժության դասընթացին կպատրաստվեմ։ Էլ ի՞նչ կար։

Հիմա թռնեմ, շարունակեմ Բայեզը կարդալ։ Իբր պիտի էս շաբաթ ամբողջ դասընթացը վերջացնեի, բայց դեռ գրքի կեսին եմ հասել։

Ֆլոու

Ֆլոու կոչվող երևույթի մասին իմացա ինը տարի առաջ։ Ու այդ օրվանից փորձում եմ բացահայտել՝ ինչով զբաղվելիս եմ ֆլոուի մեջ ընկնում։ Մի պահ ինձ թվացել էր՝ հոդված գրելն է, բայց դա գնալովի֊գալովի է։ Հաճախ նույնիսկ ահագին դժվար է լինում ինքս ինձ համոզել, որ այս կամ այն հոդվածը գրեմ։ Դե էլ չասեմ, թե ինչքան եմ շեղվում։

Իմ սիրած զբաղմունքներից որն էլ վերցնենք, ֆլոուի մեջ ինձ չի գցում. ո՛չ գիրք կարդալը, ո՛չ գրելը, ո՛չ աշխատանքիս որևէ բաղադրիչը։ Բացի, թերևս, մեկից։ Ինձ ինը տարի էր պետք հասկանալու համար, թե ինչով եմ ինքնամոռաց կերպով զբաղվում ու չեմ նկատում՝ ժամանակն ինչպես է անցնում։ Կարող եմ ամբողջ օրն առանց ուտելու, առանց տեղիցս վեր կենալու հենց էդ մի բանով զբաղվել։ Ու էդ մի բանը կոդ գրելն է։

Քանի որ ծրագրավորող չեմ, իմ գրած կոդերը առաջին փորձից երբեք չեն աշխատում։ Երբեմն մի ամբողջ օր եմ ծախսում կոնկրետ նպատակի համար աշխատող կոդ գրելու վրա (հատկապես եթե Python֊ով եմ աշխատում)։ Բայց անասելի հաճույք եմ ստանում դրանից, հատկապես երբ ստացվում է։ Ընդ որում՝ կապ չունի Python֊ով, թե R֊ով, ինձ համար, թե ուրիշի, գործի, թե սովորելու, տվյալներ վերլուծելու, թե էքսպերիմենտ կառուցելու համար եմ անում։ Տվեք ինձ խնդիր ու նստացրեք կոմպի մոտ ու ես վեր չեմ կենա, մինչև չլուծեմ այն։

Ինչու՞ հիշեցի։ Python֊ի հմտություններս լավացնելու համար կուրսերայով տվյալագիտության դասընթաց եմ անցնում։ Երկրորդ շաբաթվա վերջի առաջադրանքն ահագին բարդ էր դասախոսությունների բովանդակության համեմատ (իրականում R֊ով նույն առաջադրանքը ամենաշատը մի ժամում կլուծեի)։ Ու էդպես ամբողջ կիրակի ու երկուշաբթի երեկոներն անցան առաջադրանքը լուծելու վրա (ու լուծեցի, անցա հաջորդ փուլ)։

Նստած մտածում եմ. եթե իմ ակադեմիական աշխատանքից ամենամեծ հաճույքը կոդ գրելուց եմ ստանում, ինչու՞ մնամ ակադեմիայում։ Ի վերջո, ակադեմիայում դա ամենաչերևացող կողմն է. խնդիրը լուծելիս էդպես էլ ոչ ոք չի իմանում ինքնուրու՞յն ես կոդը գրել, ծրագրավորո՞ղ է օգնել, թե՞ ծանոթ գիտնական մի ուրիշ տեղից քեզ պատրաստի կոդ է ուղարկել։ Եսի՞մ է։ Աչքիս մանրից դեպի տվյալագիտություն գաղթեմ։

Բախտավոր

Էս վերջերս ամեն ինչ թարս էր գնում։ Մի կողմից, իմաստության ատամներս էին։ Էրեկ նկատեցի, որ գրեթե ամբողջ ամիս ցավազրկող եմ խմել՝ թե՛ ատամներս հանելուց առաջ, թե՛ հետո։ Դե հանելուց հետո մենակ երեք շաբաթ ցավի մեջ տառապում էի, մինչև ստոմատոլոգս ֆայմեց հակաբիոտիկ նշանակել։ Արդյունքում՝ երեք շաբաթ բավական անդուր տրամադրություն ունեի։

Երևանում էլ բանկոմատից փող հանելիս մոռացա քարտս վերցնել, բանկոմատը կուլ տվեց։ Լավ էր՝ հասցրել էի փող հանել, Երևանում ծախսելիք ունեի։ Բայց եթե մինչև հետ գնալս քարտս չստանայի, լիքը խնդիրներ էին լինելու. Կոպենհագենում ոչ մի աշխատանքային օր չէի լինելու, որ դիմեի քարտիս համար։ Կարող էի Մորթենից պարտքով փող վերցնել, բայց Դանիայում շատ տեղերում կանխիկով էլ գործարք չեն անում։ Լավ էր՝ Երևան գտնվելու վերջին աշխատանքային օրվա վերջին քարտս ինձ տվեցին։

Էդ էլ հերիք չի, երբ Երևանից հասանք Կոպենհագեն, պարզվեց՝ իմ բագաժը Մոսկվայից չի էկել։ Իրականում մեջն էնքան էլ շատ բան չկար, բայց հաշվի առնելով, թե ես ինչքան քիչ շոր ունեմ ու իմ ունեցածի ուղիղ կեսը Օրհուսում է՝ահավոր վիճակում էի հայտնվել։ Հա՛, ու շորերիս կեսն էլ Օրհուսում էին մնացել իմաստության ատամիս պատճառով. քանի որ բժիշկը հանգիստ ու օփիոիդներ էր նշանակել, Օրհուս չէի գնացել ու տնից էի աշխատում։ Թե չէ սովորաբար բալանսը լավ պահում եմ։ Բայց գոնե լավ էր, որ գոնե ապահովության համար միշտ ձեռքի ուղեբեռումս մաքուր ներքնաշոր եմ պահում, իսկ Կոպենհագենում էլ մի օր էի մնալու ու հաջորդ օրը գնալու էի Օրհուս։

Երեքշաբթի երեկոյան հասա Օրհուս ու մի նոր անակնկալ. հեծանիվս գողացել էին։ Իրականում էնքան էլ լավ չէի կայանել, երկրորդ կողպեքով էլ չէի կողպել, որովհետև վերջին անգամ Օրհուսից գնալիս թե՛ ուշանում էի, թե՛ կարծում էի երեք օր անց նորից գալու եմ։ Բայց ամբողջ երեք շաբաթ հեծանիվս թողել էի, ոնց էլ չլիներ, ինչ֊որ մեկը կգողանար։

Էդպես դարդոտած տուն գնացի, ճամպրուկիցս էլ նորություն չկար։ Մտածեցի՝ հինգշաբթի օրը լվացք կանեմ ու ուրբաթ օրը մի ուսապարկ լիքը մաքուր շորերով Կոպենհագեն կգնամ։ Աչքս լույս։ Տանտիրուհուս լվացքի մեքենան փչացել էր։ Խառնված իրար սկսեցի լուծումներ փնտրել։ Միակ ելքը մնում էր կեղտոտ շորերս հավաքել, հետս գործի տանել, հետո էլ էնտեղից Կոպենհագեն գնալ։

Ու ոնց որ ամեն ինչը տեղը տեղին թարս էր գնացել, էլ թարս գնալու տեղ չկար։ Բայց էսօր մի բան էլ տեղի ունեցավ։ Սկսեմ նախապատմությունից։

Մի քանի ամիս առաջ կարուսելից իջնելիս հեռախոսս ընկավ ձեռքիցս ու կոտրվեց։ Նորը գնեցի։ Ու գնելիս ռիվյուների մեջ ոչ մի տեղ չնկատեցի հեռախոսի ամենակարևոր թերությունը՝ սղլիկ էր։ Ու հիմա ոնց պատահի, ընկնում է։ Էկրանն արդեն ճաքած է, ու մտածում եմ՝ ինչքան կձգի։

Էդպես էսօր լանչին երրորդ հարկի պատշգամբում էինք, մեկ էլ ինչ֊որ դրխկոց լսեցինք։ Կոլեգաներս թե՝ էս ի՞նչ էր։ Ես էլ թե՝ երևի հեռախոսս էր։ Հեռախոսս էլ գրպանումս էր, ձեռք չէի տվել։ Էդպես սղլիկ֊սղլիկ սղացել, ընկել էր (առաջին անգամը չէր, որ առանց դիպչելու ընկնում էր)։ Բայց այս անգամ երրորդ հարկից առաջին հարկ էր ընկել։ Էդպես վատացած իջա ներքև՝ արդեն պատրաստ լինելով մաս֊մաս եղած հեռախոսս վերցնել։ Մեկ էլ որ հասա, տեսնեմ՝ էդ մասով խոտով ծածկված հողի մի գիծ է անցնում, ու հեռախոսս բետոնի փոխարեն հենց խոտի վրա է ընկել, ոչինչ չի պատահել։ Մտածեցի՝ բախտս լավ բերեց, բարձրացա վերև լանչս շարունակելու։

Բայց հիմա շունչս պահած մտածում եմ՝ հաջորդն ինչ է լինելու։

Աշխատանքային ժամեր

Էսօր ժամը ութին դաս ունեի։ Գիշերն էլ ահագին վատ էի քնել։ Մտածում էի՝ դասից հետո լանչի կգնամ, հետո կգամ տուն, կքնեմ, օրվա երկրորդ կեսին մնացած գործս կանեմ։ Բայց լանչից հետո եսիմ ոնց հերթով տարբեր կոլեգաներ էին գալիս տարբեր գործերով ու եսիմ ոնց ստացվեց, որ երեկոյան վեցին Կորդուլան էկավ, ասեց՝ գնում ենք իրար հետ ընթրելու։ Եսիմ ոնց կամպուսում անցկացվելիք կես աշխատանքային օրը վերածվեց տասը ժամանոց օրվա։ Մտածում էի՝ ընթրիքից հետո կգամ տուն, կշարունակեմ աշխատել։

Էկա տուն, տեսնեմ՝ ամերիկացի շեֆիցս մեյլ ա էկել, թե՝ էս ու էս բաները պիտի անեք էս ու էս դեդլայններով։ Գրողը տանի, իմաստության ատամներիս հեռացումից հետո առաջին օրն ա, որ Օրհուսում գործի եմ էկել, դեղերն էլ դեռ չեմ դադարեցրել, էսօր էլ արդեն տասը ժամ աշխատել եմ։ Ու հիմա նստած ինձ մեղավոր եմ զգում, որ չեմ շարունակում աշխատել։ Ախր ինչու՞ պիտի սենց լինի։

Աստղեր

Էսօր կայարանից ոտքով տուն էկա, որովհետև հինգշաբթի ոտքով էի կայարան գնացել, ու հեծանիվս բակում կանգնած էր մնացել։ Օրհուսում անցյալ շաբաթվա գարնանային եղանակը շարունակվում է, իսկ Կոպենհագենում դեռ կիսաձմեռ է։

Կայարանից քայլելիս նայեցի երկնքին։ Աստղազարդ էր։ Աստղազարդ երկինքն իմ սիրած տեսարաններից մեկն է, բայց էս կողմերում հազվադեպ է լինում։ Մի կուշտ նայեցի երկնքին, որովհետև շուտով այլևս մութը մինչև վերջ չի ընկնի։

Ճամփին մտածում էի՝ գամ տուն, գրեմ, վաղուց բլոգումս բան չեմ գրել։ Մտածում էի՝ հիմնական բլոգումս գրեմ, հղումը տարածեմ ֆեյսբուքով մեկ։ Բայց տուն հասա, մտքերս կորան, մնաց մենակ մեկը. «Ինձ Հայաստանին կապող թելը գնալով բարակում է, ու վախենամ՝ մի օր կտրվի»։