Օրհուսի մեր գրական խմբով որոշել ենք նոյեմբերին մասնակցել վեպ գրելու ամսվան։ Հոկտեմբերին հավաքվել էինք, որ քննարկենք, թե ինչ ու ոնց ենք անելու։ Երևանում էլ շատերին խոստացա, որ պիտի վեպ գրեմ։ Դեռ անցյալ տարվանից վեպի գաղափարը կար, մնում էր նստել ու ընդլայնել։
Վաղվանից միանում եմ նաև մեկ այլ գրական խմբի։ Պիտի կարճ տեքստ պատրաստեի վաղվա համար։ Ու պիտի սկսեի գրել։ Երեկվանից փորձում եմ գրել։ Ամիսներ առաջվանից փորձում եմ գրել։ Գլխիս մեջ մտքերը շատ են, հույզերը շատ են, իսկ կարդացածս գրքերը ահագին ուժեղ ազդեցություն են թողնում ու ոգեշնչում։ Բայց ոչինչ գրել չի լինում։ Մի քանի նախադասությունից հետո ամեն ինչ կանգ է առնում։ Անգամ գրելու լեզուն ընտրել չի լինում։ Էլ առաջվա պես հեշտությամբ մեկից մյուսը թռիչքաձև անցումներ չեմ կատարում։
Ինչ֊որ ներքին գրաքննող է հայտնվել, որ կարծես պինդ բռնում է ինձ ու չի թողնում, որ գլխումս պտտվող պատմությունները, բառերն ու զգացողությունները թղթին հանձնեմ։ Ինչ֊որ աներևույթ հայացքներ կարծես ինձ անհանգստացնեն։ Կարծես ես չէի, որ այդքան թեթև ձեռքով ընդամենը երկու շաբաթ առաջ գիրքս ցրում էի գրախանութներով ու վաճառում շնորհանդեսին։
Չգիտեմ ինչն է խանգարում, չգիտեմ ինչն է բառերիս, զգացմունքներիս ու մտքերիս դեմն առնում, որ կյանք չեն ստանում։ Չգիտեմ ինչու ոչինչ չի ստացվում։ Իսկ ես խոստացել եմ այդ վեպը գրել։ Ու գրելու եմ։
Իսկ ո՞ր լեզվով պիտի գրես: Տվյալ դեպքում նշանակություն չունի՞, դու՞ ես որոշողը:
LikeLike
Դե իրականում որոշված ա, որ նախապես հայերեն, հետո թարգմանիչը կթարգմանի անգլերեն կամ դանիերեն։ Բայց իմ սովորական գրելու ընթացքում հեշտությամբ լեզվից լեզու եմ թռնում. ասենք, հայերեն գրում եմ, հետո անգլերեն թարգմանում, որ խմբումս կարդամ։ Կամ էլ խմբումս անգլերեն գրում եմ, հետո հայերեն թարգմանում։ Ու մտածում էի՝ էս գրելու պրոցեսն էլ էր տենց լինելու։
LikeLike