Հետաքրքրասերը 2

Էս քանի օրը առավոտյան ահագին շուտ եմ արթնանում (7 – 7:30֊ի միջակայքում իմ սովորական 8 – 8:30֊ի փոխարեն)։ Շուտ արթնանալու առավելություններից մեկն էն ա, որ հետաքրքրասերը դեռ քնած ա լինում խոհանոց մտնելուս պահին, հետևաբար երկար֊բարակ զրույցներ տեղի չեն ունենում, ու ես հասցնում եմ ժամանակին տնից պոկվել՝ ժամը 9֊ի կողմերը հայտնվելով աշխատավայրում։

Բայց էսօր առավոտը ոնց էր ստացվել, տնկիցս էլ էր շուտ արթնացել, ու մինչ ոտնաթաթերիս ծայրերի վրա մտնում էի խոհանոց, բռնացրեց ինձ ու զրույցի բռնվեց։ Նախ նկատեց, որ շուտ եմ արթնացել։ Ասացի, որ երևի օրերի երկարելը կապ ունի։ Հարցրեց, թե արդյոք վարագույրը չեմ քաշում գիշերը։ Ասացի՝ չէ։ Զարմացավ, թե՝ շուտով ժամը չորսից լույս ա լինելու, ո՞նց ես անելու։ Հինգ տարի ա, ինչ էս երկրում եմ, մի բան կանեմ էլի։

Էսօր նաև էն օրերից էր, որ տանը նախաճաշի պարագաներ ընդհանրապես չկային, իսկ ես էլ թարսի պես սոված սատկում էի։ Հետևաբար, արագ֊արագ սուրճս կուլ տալուց հետո՝ հագնվեցի, որ դուրս գամ, որ համալսարանից ուտելու բան առնեմ։ Դուրս գալու պահին մի հատ էլ հարձակման ենթարկվեցի, թե ինչու սենց շուտ։ Ասեցի, որ հեծանիվով չեմ, պիտի քայլեմ (իրականում քայլելու համար էլ էր շուտ, 8:30 համալսարան հասա)։

Ժամը 5֊ին տրաքած տուն եմ մտնում։ Յոգայի դասս չեղարկել էի, գործից հետո մի ժամ քաղաքում թափառում էի, որ իբր թարմանամ։ Տնկիցս տանն էր։ Բռնացրեց, հարցրեց, թե ինչու եմ շուտ տուն էկել։ Ասեցի, որ գործի շուտ եմ գնացել, շուտ էլ էկել եմ ու որ շշմած եմ, չորս բաժակ սուրճ եմ խմել, բայց օգուտ չկա։ Ասեց՝ ի՞նչ սուրճ, պիտի ջուր խմես սենց դեպքերում։ Ասեցի՝ հետն էլ ջուր եմ խմել, մի բաժակ սուրճ էի խմում, մի բաժակ ջուր, մի բաժակ էլ կանաչ թեյ ու էդպես շարունակ։

Կարտոֆիլ դրեցի խաշելու, մտա սենյակս, որ Յոենսուի ուսանողներիցս մեկի աշխատանքը ստուգեմ։ Մի կես ժամ հետո ձեն տվեց, թե՝ հիշու՞մ ես, որ կարտոֆիլ ես դրել։ Հա, հիշում եմ, ես գիտեմ, որ էս կարտոֆիլին 40 րոպե ա պետք։ Բայց նավսյակի գնացի, ստուգեցի։ Դեռ հում էր։

Աշխատանքը ստուգեցի, մեյլերը գրեցի, գնացի խոհանոց։ Վերջապես կարտոֆիլը պատրաստ էր։ Սառնարանից լիքը ուրիշ բաներ հանեցի։ Էկավ հետաքրքրասերը, թե՝ հը՜մ, կարտոֆիլ ու խոզապու՞խտ։ Ասում եմ՝ վերջինը աղբ ա, Մորթենից ա մնացել, նոր եմ նկատել։ Գնաց֊էկավ, գնաց֊էկավ, նորից նայեց ափսեիս։ Ավոկադո՞։ Էս հայկակա՞ն ա։ Չէ։ Ի՞նչ հայկական։ Հոգնած ինձ տուն եմ գցել, տանը ինչ կա֊չկա փորձում եմ օգտագործել, որ շաբաթ֊կիրակի չփչանա, ասում ա՝ հայկական։

Ափսես սիրուն սարքեցի, մեկ էլ թե՝ բա էս երեկո ի՞նչ ես անելու։ Ասեցի՝ կարդալու եմ։ Ափսես վերցրի իմ սենյակ, էկա կոմպիս մոտ ու էս տեքստը գրեցի։ Հենց նոր ընթրիքս կերա, պրծա։ Շուտով լվացքս կփռեմ, ու արդեն կարող եմ գիրքս կարդալ։

Օտար

Ես վաղուց կորցրել եմ իրականության զգացողությունը։ Վաղուց դարձել եմ իմ քաղաքից մյուսը տեղափոխվող մարմին, որը պարտաճանաչ կերպով շաբաթը երկու անգամ ինքն իրեն տեղադրում է գնացքի վագոնում ու գնում մյուս քաղաք։ Դարձել եմ մի մարմին, որը մի քաղաքում հանդիպումների ու հավաքույթների չի գնում, որովհետև պետք է մյուսում լինի։ Մյուսում հանդիպումների ու հավաքույթների չի գնում, որովհետև պիտի առաջինում լինի։ Իսկ իրականում վատնում է օրեր գնացքով մարմինը մի տեղից մյուսը տեղափոխելու համար։

Ես վաղուց կորցրել եմ պատկանելության զգացողությունս։ Ես չեմ կարողանում ինձ որևէ խմբի անդամ համարել։ Ասպիրանտների մեջ արդեն պաշտպանած պոստդոկ եմ։ Պոստդոկների մեջ՝ նորավարտ, դեռևս երկար պայմանագիր ունեցող, երկար պայմանագիր ունեցողների մեջ՝ կրտսեր։ Կոպենհագենի բնակիչների մեջ ես Օրհուսի բնակիչ եմ, Օրհուսի բնակիչների մեջ՝ Կոպենհագենի։ Հայաստանում դրսում ապրող եմ, Դանիայում՝ օտարերկրացի։ Դանիերեն չխոսողների մեջ դանիերեն իմացողն եմ, իմացողների մեջ չխոսողը։ Բժիշկների մեջ գիտնական եմ, գիտնականների մեջ՝ բժիշկ։

Ես վաղուց փորձում եմ սահմանել ինքս ինձ ու սահմաններս չեմ գտնում։ Կորցրել եմ ինքս ինձ ու դարձել քաղաքից քաղաք տեղափոխվող մարմին։ Դարձել եմ պարտականություն, դարձել եմ գործողությունների շղթա։

Ու չեմ հասկանում, ոչինչ չեմ հասկանում։ Արդյոք իմ դասավադման հմտություննե՞րն էին, թե՞ իսկապես ուսանողներիս մյուս առարկան ավելի անհրաժեշտ էր, որ կիսամյակի կեսից ու կանոնադրություններ շրջանցելով փոխեցին առարկան։ Արդյոք ինձնից շահ չունենա՞լն էր, թե՞ Կոպենհագենի բնակիչ լինելս, որ կոլեգաներիցս մեկը մեր խմբի բոլոր աշխատողներին հրավիրեց քեֆի, բացի ինձնից։ Արդյոք ամաչկոտությու՞նս է, թե՞ արժեք չունենալս, որ ղեկավարությունը նոր պրոյեկտներ գրելիս կարծես մոռանա իմ մասին։ Արդյոք մարդկանց լավ չճանաչելու՞ց է, թե՞ իսկապես ընկերուհիներիցս մեկն այնքան է փոխվել այս մի տարվա ընթացքում, որ նրա բոլոր հարաբերությունները վերածվել են «թե ոնց կարող եմ այս մարդու շնորհիվ կարիերաս առաջ բրդել» ենթատեքստի։

Ու լողում եմ այս անորոշության մեջ, լողում ու փորձում ինքս ինձ գտնել։ Փորձում եմ ժամանակ տրամադրել ինքս ինձ ու այդ ընթացքում ղեկավարվել միայն ու միայն իմ պահանջմունքներով։ Ու կորցնում եմ ինձ ամեն անգամ, երբ մենակ եմ մնում։ Իսկ երբ մենակ չեմ, երազում եմ մենակ մնալու մասին։

Գարուն

Էստեղ ոնց որ գարուն ա գալիս։ Անցյալ ձմեռվանից վախեցած ենք. փետրվարի վերջին սարսափելի ցրտեր էին սկսվել։

Էսօր մի տարին ա լրանում, ինչ Յոենսուից հետ եմ եկել։ Որ հետ եմ նայում, մտածում եմ՝ երևի ավելի լավ որոշում չէի կարող կայացնել։ Բայց Յոենսու գնալն էլ ինքնին լավ որոշում էր, չնայած բոլոր վատ հետևանքներին։

Գրել չեմ կարողանում։ Վերջին շաբաթներին ահավոր խառն եմ։ Գրեթե ազատ ժամանակ չունեմ։ Հիմա էլ մտածեցի՝ սուրճիս հետ նստեմ, մի քիչ գրեմ, բայց չստացվեց. արդեն պիտի տնից դուրս գամ։

Բոլանյո

Անցյալ գիշեր անքնության նոպա էր բռնել էլի։ Բռնեցի, Բոլանյոյի «2666»֊ի երրորդ գիրքն էլ ավարտեցի։ Շշմելու գրող ա Բոլանյոն։ Հիմա տռուզ գիրքը սեղանիս դրած ա, մտածում եմ՝ չորրորդն էլ կարդամ, բայց վախենում եմ։ Չորրորդը վախենալու բաների մասին ա։ Ուղղակի ուզում էի ասել՝ Բոլանյո կարդացեք։

 

Ուսանողները

Էս ուսանողները վերջն են։ Չեմ հասկանում՝ կարծում են ես իրանց թայ հարի՞ֆն եմ։ Ուրեմն շատ հստակ ասել էի, որ առաջադրանքը պիտի մինիմում ութ էջ լինի, բայց ութ էջից էլ շատ չպիտի անցնի։ Ասել էի ինչ ֆորմատով֊բան։ Մեկ էլ մի ուսանող սևագիրն ուղարկեց, խնդրեց՝ նայեմ։ Նայեցի։ Ուրեմն ֆայլն ինքը տասնմեկ էջ էր։ Բայց բռնել, մի էջի վրա վերնագիր֊բանն էր լցրել, մի էջի վրա աբստրակտ, մի էջում հղումներն էին, տեքստն էլ վերջանում էր մի տողով մի էջի վերևում։ Մի խոսքով, եթե էս բոլորը հանեինք տակը վեց էջ բան էր մնում՝ լայն լուսանցքներով ու պարբերությունը տողի մեջտեղից սկսելով (ֆորմատավորման վերաբերյալ մենակ միջտողային հեռավորությունն ու ֆոնտի չափսն էի ասել, ու մտքիս ծայրով չէր անցնում, որ կարող ա էսպիսի ֆոկուսներ անեն)։ Էն որ չգիտես՝ գրես ես քո թայ հարիֆը չե՞մ, թե՞ ցածր դնես, պրծնես։

Էքզիստենցիալ

Շաբաթ օրերը հազվադեպ եմ մենակ լինում ու է՛լ ավելի հազվադեպ եմ կոմպի մոտ անցկացնում։ Էսօր հենց էդ հազվադեպ օրերից էր. որոշել էի շաբաթ֊կիրակի Կոպենհագեն չվերադառնալ, իսկ Մորթենն էլ էսօր պիտի միջոցառման մասնակցեր, ու միջոցառումից հետո նոր գալու է Օրհուս։

Քանի որ մոտեցող դեդլայն ունեմ, որոշեցի առիթից օգտվել ու գրադարանում հոդվածիս վրա աշխատել. միևնույն է, կոմպը պիտի միացած պահեի, մինչև մոդելս պատրաստ կլիներ։ Բայց չգիտեմ ինչու ոչ մի կերպ կենտրոնանալ չեղավ։ Անընդհատ դես էի նայում, դեն էի նայում, ուսումնասիրում էի գրադարանի անդարդ ժողովրդին ու անդարդ մանկություն ունեցող էրեխեքին, որոնք Քրիսմըսին տոննաներով նվերներ են ստացել, ու էդ նվերների մի մասը երևի տարել են խանութ, փոխել, իսկ մյուս մասի հետ խաղացել են, մի կողմ շպրտել։

Հետո մյուս հոդվածս բացեցի. համահեղինակներս իրենց քոմենթներն էին ուղարկել։ Էդ հոդվածից սիրտս արդեն խառնում է. երկու տարի է՝ գրվում է, ու քոմենթել է, որ քոմենթում են, խմբագրել է, որ խմբագրում եմ, նոր վիճակագրություններ են, որ անում եմ, բայց վերջը չի երևում։ Ու նոր քոմենթներն էլ էլի մի քանի օր կյանքիցս խլելու են, ու գիտեմ՝ վերջը չէ։ Էդպես ներվայնացա ու մտածեցի՝ ում է պետք։ Ասենք, էդ հոդվածի տպագրությունն իմ կարիերայի համար է կարևոր։ Տպագրվեց, հետո՞։ Ոչ մի լուրջ հայտնագործություն չկա։ Ընդամենը փաստաթուղթ է լինելու, որ կոնկրետ մեթոդով աշխատել գիտեմ։

Ու մտածում եմ՝ էս գիտության զբաղվելուս իմա՞ստը։ Հա, իրոք հաճույք եմ ստանում ամեն նոր մոդելին նայելիս, ամեն նոր տպագրությունից, ամեն նոր սովորածս բանից, ամեն նոր գրածս բառից։ Բայց մարդկությանը ի՞նչ օգուտ եմ տալիս։ Էսօր աշխարհն էնքան խնդիրներ ունի, որ մի տեսակ եսասիրական ա թվում իմ էս հարմարավետ կյանքում նստելն ու գիտություն անելը։

Էդպես մտածեցի֊մտածեցի, կոմպս փակեցի, հավաքվեցի, որ գնամ ուտելու բան առնելու։ Գրադարանում սովորաբար փոքր ցուցահանդեսներ են լինում։ Որոշեցի սկզբում դա նայել, հետո դուրս գալ։ Ուրեմն մի պտտվող գլան էր դրված, մեջը՝ ծալած թղթեր։ Պիտի վերցնեի մեկը, գրությունը կարդայի ու հետս տանեի։ Վերցրեցի։ Գրած էր. «Հիշու՞մ ես, երբ երազում էիր այն ամենն ունենալու մասին, ինչ հիմա ունես»։

Հիշում եմ։ Ու դրանից վատ եմ զգում։ Ես իրոք ամեն ինչ ունեմ (նկատի ունեմ՝ այն, ինչ ուզում եմ). սիրած մարդ, աշխատանք, տանիք գլխավերևումս, փորս կուշտ, լիքը գրքեր, համերգներ ու ճամփորդություններ։ Հաջորդ քայլս ի՞նչ պիտի լինի։ Ասենք, կարա լինի մշտական կամ է՛լ ավելի լավ աշխատանք գտնելը կամ երեխա ունենալը։ Բայց իմա՞ստը։ Եսասիրական չի՞ դա։ Իմ ապահով կյանքը է՛լ ավելի ապահով դարձնելը, մինչ աշխարհում լիքը սոված մարդիկ կան։ Երեխա ունենալը մի աշխարհի համար, որը չգիտես՝ քանի տարի կձգի։

Դուրս եկա ու գնացի էստեղի Սթրիթ ֆուդ։ Լիքը մարդ։ Լիքը անդարդ մարդ, լիքը սպառող։ Մեկին տեսա շան հետ։ Նայում եմ շանը ու մտածում՝ չէ, բայց էս շունն ի՞նչ գործ ունի ստեղ։ Շներին մարդիկ լրիվ խաղալիք են դարձրել ու ոնց ուզում, հետները վարվում են։ Ինչու՞ պիտի մի կենդանատեսակ մի ուրիշին խաղալիք դարձնի։

Հետո մտածեցի մարդու մասին որպես կենդանու։ Ասենք, ամեն կենդանու սնունդ ա պետք ապրելու համար։ Բայց մարդու ինչու՞ են ավել բաներ պետք։ Ինչների՞ս են էս քաղաքները, փողոցները, մեքենաները, գույնզգույն հագուստը, կոմպերը ու մնացած բաները։ Մենք լրիվ արտոնյալ ենք մեզ զգում էս մոլորակում։ Մենք առավե՞լ ենք մյուս կենդանիներից։ Ինչո՞վ։ Բանականությա՞մբ։ Իսկ ի՞նչ ա բանականությունը։ Ո՞վ ասեց, որ դա առավելություն ա։ Ու նենց ուժեղ ցանկություն առաջացավ ամբողջ քաղաքակրթությունից փախնելու ու ծառի վրա ապրելու։

Մեկ էլ սկսեցի մտքիս մեջ Հայաստանն ու Դանիան համեմատել։ Ինչու՞ եմ Դանիայում։ Ես չեմ կարծում, որ կյանքի որակն ինձ էստեղ բերելու առաջին պատճառն ա։ Ինտրովերտ հասարակությունն ու գենդերային դերերի առավել հավասարակշռված լինելը, ինչպես նաև աշխատավայրում ադեկվատ հիերարխիաներն ու աշխատանքային պայմանները շատ ավելի կարևոր գործոններ են։ Թե չէ հաստատ Հայաստանում էլ կկարողանայի ունենալ էն մնացածը, ինչ ունեմ էստեղ։ Ու էս կոնտեքստում ինձ ահագին նյարդայնացնում ա դանիացիների ու մյուս արևմտյան ազգերի՝ Հայաստանին ու մնացած «զարգացող» երկրներին վերևից նայելը։ Զարգացած երկիրը ո՞րն ա։ Ունենալ ավելի շատ փող, քան դրա կարիքն ունե՞ս։ Խանութներից լիքը անպետք զիբիլ առնե՞լ։ Բանջարեղենը սուպերմարկետում պլաստիկով փաթեթավորված վաճառե՞լ։ Գինու բաժակը ձեռքիդ բարձր արվեստից խոսե՞լ։ Սթրեսվե՞լ նրանից, թե առավոտյան չգիտես որ պայուսակդ վերցնես։ Էրեխեքիդ դիմաց Քրիսմըսին տոննաներով նվերներ լցնե՞լ։ Ավելացած ուտելիքը զիբիլը թափե՞լ։ Տարին մեկ նոր հեռախոս առնե՞լ։

Բա էս ամենն ի՞նչ ա անում մեր մոլորակին։ Որ խորանում ես, մտածում ես՝ չէ, շնորհակալություն, մենք ձեր զարգացածը չենք ուզում։ Ձեր զարգացածն ա մոլորակի հերն անիծում, ոչ թե մեր չզարգացածը։ Էդ առումով գուցե ավելի լավ կլիներ ծառերի վրա ապրելը։ Կատուները ոնց որ հեչ դժգոհ չեն ծառերից։

Էդպես մտքերով ընկած հացս կերա, գնացի կայարանի գրախանութ։ Մի կոնկրետ գիրք էի փնտրում, բայց չունեին։ Ահագին ջղայնացա։ Ջղայնացա իրենց գրքերի տեսականուց։ Անգլերեն բաժնում լրիվ կոմերցիոն աղբ էր լցրած։ Դարդոտած, որ իմ փնտրածը չկա՝ մտածեցի գոնե Հեմինգուեյի պատմվածքներն առնեմ։ Բայց չէ, նույնիսկ դասականներից համարյա բան չունեին։ Ու այ սենց էս դեբիլ խանութները ճաշակ են թելադրում։

Դուրս էկա։ Ինձ ահավոր մենակ էի զգում։ Մի շաբաթ ա, ինչ գործից դուրս մարդու էրես չեմ տեսել։ Ասենք, էրեկվա յոգայից հետո մի հոգու հետ երկու բառ փոխանակեցի, բայց մենակ էդքանը։ Քայլում էի կայարանում ու մտածում՝ չբռնե՞մ, գնացք նստեմ, հասնեմ Կոպենհագեն, հետո Մորթենի հետ նույն գնացքով հետ գամ Օրհուս։ Էշություն։ Ու լիքը մարդիկ, որ շտապում էին տարբեր տեղեր։

Մեկ էլ տեսա՝ մի անտուն էր կանգնած։ Ուզեցի մոտենալ, խոսել հետը, հարցնել՝ ինչի կարիք ունի։ Բայց մինչ քաջությունս կհավաքեի, մի սիրուն հագնված տղա մոտեցավ իրան՝ ձեռքին մակդոնալդսի տոպրակ։ Միջից մի բուրգեր հանեց, տվեց անտունին։ Ուրեմն ամեն ինչ կորած չի, ուրեմն դեռ մարդկություն կա։ Ու սկսեցի լացել։ Սկսեցի լացել տեսածիցս ու անտունին մոտենալու անկարողությունիցս։ Ու դուրս եկա կայարանից, կանգնեցի անձրևի տակ։

Գնացի մյուս գրախանութը, բայց արդեն փակ էր։ Հետո գնացի սիրածս գրասրճարանը, երկու գրքերս դրեցի սեղանին ու սկսեցի կարդալ։ Միրանդա Ջուլայի ջրիկություններից մի քիչ տրամս բացվեց։ Երկու ժամից էլ Մորթենը կհասնի։

 

 

Օգնություն

Երկու օր ա՝ կոնկրետ մի կոդի վրա էի տառապում։ Ռիկարդոն տնից էր աշխատում, գրում էր, որ իր մոտ ամեն ինչ նորմալ ա, քսանչորս ժամ հետո մոդելը կստացվի։ Ես էլ է՛լ համալսարանում, է՛լ տանը նստած տառապում էի։ Խնդիրը, բնականաբար, գուգլել էի։ Կոմպիս օպերացիոն համակարգն թարմացրեցի։ R֊ը ջնջեցի, նորից քաշեցի։ Չօգնեց։ Կոմպս լրիվ կատաղել էր։ Ռիկարդոն տնից մի խորհուրդ էլ ուղարկեց։ Դա էլ մի կերպ արեցի։ Հետո սկսեցի ուրիշ սխալ ստանալ։ Սխալը գուգլեցի, լուծումը չէր աշխատում կոմպիս վրա։ Հետո գնացի լանչի։ Էս անգամ Էթանն էլ էր մեզ հետ։ Հետ էկա լանչից, մտա նույն ֆորումը, որտեղ լուծումը տված էր, ու ուշքս գնաց. հարցը տվողը Էթանն էր, պատասխանը ստացել էր, իր մոտ աշխատում էր։ Ասում էի՝ գնամ, դուռը ծեծեմ, ասեմ՝ ինձ մոտ չի աշխատում, կօգնե՞ս։ Էն էլ վերջը ստացվեց։

Զզվում եմ մակից, ինչ ուզում եք, արեք։

Պատրաստ ա

Առաջին սևագիրը պատրաստ ա։ Կոմպով մի քիչ դեսուդեն փորձեցի ֆորմատավորել, մեկ էլ հասկացա, որ հայերեն գրքերի ֆորմատավորման մասին ոչինչ չգիտեմ։ Տանն էլ հայերեն որևէ գիրք ձևի համար չկա։

Մեկ էլ պետք ա խմբագրել։ Չգիտեմ՝ ում ռիսկ կանեմ, ուղարկեմ ամբողջ գիրքը, որ հա՛մ չալարի, կարդա, խորհուրդներ տա, հա՛մ խորհուրդները լսեմ։ Մի պանիկա ա սկսվել. ես կարա՞մ սա ուղարկեմ արտաքին աշխարհ։

Մորթենի հետ ամբողջ երեկո նստեցինք ու կառուցվածքի վրա աշխատեցինք։ Ոնց որ տեղ է հասնում։ Ի՜նչ լավ կլիներ, եթե հայերեն իմանար։ Էջադրելու, խմբագրելու ու մնացած լիքը այլ հարցերով ինքը կզբաղվեր, էլ անհանգստանալու բան չէի ունենա։

«Ինքնագիր 9»

Վերջապես հարմարացրեցինք, փոստ հասանք, որ «Ինքնագիր 9»֊ի իմ օրինակը վերցնենք։ Մերոնց խնդրել էի, որ ուղարկեն։ Սովորաբար նման դեպքերում սպասում եմ, մինչև ինքս Հայաստան հասնեմ, իմ օրինակը վերցնեմ։ Բայց էս անգամ անհամբեր էի։ Երևի էնտեղ տպագրված մրցանակային պատմվածքս ու մրցանակաբաշխությանը ներկա չգտնվելս էր պատճառը։

Վերցրի հաստ հատորը, թերթեցի, գտա իմ էջերը։ Երեք պատմվածք ունեի էնտեղ։ Մտածեցի՝ ֆեյսբուքում պոստեմ, մարդիկ իմանան, գնան, ճարեն «Ինքնագիրը», կարդան։ Բայց ներքուստ մի տեսակ անհարմարություն առաջացավ. ո՞նց ես իմ գործերը գովազդեմ։ Հետո մտածեցի՝ ախր ո՞նց են ուրիշներն իրենց գործերն էդքան գովազդում։ Ու ահագին վախվորելով մի կերպ մի ֆոտո արեցի, դրեցի ֆեյսբուքում։

Բայց էս անինքնավստահությունը ահավոր բան է։ Նույնն էլ մասնագիտական ոլորտում եմ անում. հոդվածը տպագրում եմ ու ոչ մեկի ոչինչ չեմ ասում դրա մասին։ Էն օրը շեֆս էր ասում, թե՝ էրնեկ կանայք մի քիչ ավելի ինքնավստահ լինեին, տղամարդիկ՝ մի քիչ ավելի կոմպետենտ։ Էս թեման ամեն օր քննարկում ենք, ամեն օր մեզ բռնացնում, թե կանայքս ինչքան զգուշավոր ու անինքնավստահ ենք գործում ու ինչքան բան ենք կորցնում արդյունքում։

Մի խոսքով, «Ինքնագիր 9»֊ը ճարեք, կարդացեք, մեջը երեք պատմվածք ունեմ։ Օնլայն մենակ դրանցից մեկը կա, իսկ մյուսները չեն լինելու առաջիկա մի տարում։