Մտքեր լաբից

Լաբում նստած եմ, մինչ գիտափորձի մասնակիցս համակարգչի առաջ հերթով կատարում է իրեն տրված հանձնարարությունները։ Լաբում նստած եմ էս տարի վերջին անգամ։ Ու ինչքա՜ն երկար ու ձիգ օրեր եմ անցկացրել էս տարի լաբերում։ Նոր հաշվեցի, գիտափորձի մոտ 200 մասնակից եմ ունեցել։

Հույս ունեմ՝ 2019֊ն էլ էսպես չի լինի։ Մենակ լաբում լինելու մտքից սիրտս խառնում է։ Ուզում եմ մի քիչ «իսկական» բաներով զբաղվել։

Ասենք, նոյեմբեր֊դեկտեմբերն էսպես պիտի չլիներ։ Ես ուրիշ պլաններ ունեի։ Որոշել էինք, որ ես Նորվեգիայում կանցկացնեմ գիտափորձերը, Ֆաբիոն՝ Դանիայում։ Հետո հանկարծ պարզվեց, որ Դանիայում պիտի ես ու Ֆաբիոն միասին անենք։ Անդուր մի բան։

Վաղվանից արձակուրդը սկսվում է։ Դանիայում ապրելուս ընթացքում երևի առաջին անգամ է, որ տեղը տեղին ձմեռային արձակուրդ եմ գնում։ Լիքը հոդվածներ ճամփեքին լռված են, ու գիտեմ՝ համահեղինակներս հենց տոներին են հայտնվելու իրենց խմբագրումներով։ Բայց աշխատանքային կոմպս տասը օրով անջատելու եմ ու ուրիշ բաներով զբաղվեմ։

Էս տարի առաջին անգամ նաև Ծննդյան տոների ընթրիք ենք մեր տանը կազմակերպում։ Դանիական իրականության մեջ դա կարևորագույն իրադարձություն է. մի տեսակ մեծ ես քեզ զգում, երբ կարողանում ես հյուրերին քո տանն ընդունել։ Իհարկե, այս տարի շատ քիչ ենք լինելու։

Նաև առաջին տարին է, որ ոչ մի կերպ չենք ճամփորդում։ Երևի իմ կյանքում չի եղել էնպիսի տարի, որ ճամփորդություններից էս աստիճանի զզված լինեմ։ Ու թեև Մորթենը հաճույքով որևէ տեղ կպոկվեր, ես երկու ոտքս դրեցի մի կոշիկի մեջ ու ասացի, որ ոչ մի տեղ չեմ գնալու։

Ինչպես ցանկացած արձակուրդից առաջ, հիմա էլ լրիվ ուժասպառ եմ։ Վերջին օրերին քնած եմ մնում. մի բան, որ ինչ սկսել եմ զարթուցիչ չօգտագործել, երբեք չէր լինում։ Ու նստած երազում եմ վաղվա մասին, երբ գնացք կնստեմ, ու ուսերիս վրա ոչ թե այս կամ այն աշխատանքային բեռը կլինի, որ պիտի այս կամ այն բանն ավարտին հասցնեմ, այլ Միրանդա Ջուլայի պատմվածքների ժողովածուն։

Մասնակիցս վերջացրեց հերթական առաջադրանքը։ Գնամ, հաջորդը միացնեմ։

 

Արժեքներ

Ֆեյսբուքիս հաշիվը չեմ ջնջելու։ Էստեղ մարդկանց հետ կապ պահելու միջոցը չէ հարցը, որովհետև շարունակում եմ հավատալ, որ եթե որևէ մեկը ցանկություն ունենա ինձ հետ կապվելու կամ եթե ես ցանկություն ունենամ որևէ մեկի հետ կապվելու, կապի այլ միջոցներ կգտնենք։ Պարզապես ռադիկալ միջոցների անցնելու փոխարեն ուզում եմ Ֆեյսբուքը ծառայացնել ինձ, ոչ թե ծառայել նրան։

Դրա համար մի ամբողջ Կոպենհագեն֊Օրհուս ուղևորություն նվիրեցի «մաքրությանը»։ Իջնում էի ֆիդովս ու հերթով մտնում ընկերներիս էջեր, իրենց անֆոլոու անում։ Սկզբունքը պարզ էր. ում գրառումները կարդում եմ, ուզում եմ քոմենթել կամ սեղմում եմ լինքի վրա ու կարդում հոդվածը (ի տարբերություն շատերի, ես երբեք մենակ վերնագրով չեմ սահմանափակվում), էդ բոլորին անֆոլոու էի անում։ Իսկ ով առավել անձնական գրառումներ է անում կամ կենդանիների նկարներ ու վիդեոներ տեղադրում, որոնք միայն լայքում եմ ու անցնում առաջ, շարունակում է մնալ ֆիդումս։

Հետո անցա խմբերին։ Ես չգիտեմ՝ ոնց էի հասցրել էդ հարյուրավոր խմբերում լինել։ Բայց նույն սկզբունքով դուրս եկա բոլոր քաղաքական, առք ու վաճառքի, զանազան խմբերի վերաբերող (օրինակ՝ Կոպենհագենի էքսպատներ, բուսակերներ կամ Օրհուսի նորվեգացիներ), զանազան անկապ հարցերով զբաղվող (օրինակ՝ տուրիստական) խմբերից՝ թողնելով միայն գրականությանը, գրելուն, կարդալուն ու գիտությանը վերաբերող խմբերը։

Ու էսօր մտածում եմ, որ սա լավ վարժություն էր հասկանալու համար, թե որոնք են ինձ համար կարևոր արժեքներ։ Եթե չեմ ուզում օրս քաղաքականությամբ թունավորել, ինչու՞ եմ այդքան քաղաքական իրադարձությունների հետևում։ Ափսոս չէ՞ ժամանակս։ Իսկ գրական խմբերը, օրինակ, կարևոր են, որովհետև ամեն ամիս կա՛մ գնում եմ հանդիպումներին, կա՛մ հետևում եմ գրական անցուդարձին։

Ֆեյսբուքի ու այլ սոցիալական ցանցերի մաքրումը դեռ շարունակվելու է։

Անձնական տարածք

Ինֆորմացիոն աղմուկից գլուխս ազատելու համար բացեցի այս բլոգը որպես անձնական տարածք։ Բլոգը ստեղծում եմ որպես ակումբի օրագրիս փոխարինիչ, որպես վիրտուալ տարածքում մի անկյուն, որտեղ հանգիստ կարտահայտեմ մտքերս։